Կենտրոնի մասին

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2002 թվականի հունվարին: Կենտրոնը կորպորատիվ կառավարման համակարգի կայացումը դիտում է որպես տնտեսական ժողովրդավարության անհրաժեշտ նախադրյալ, որը կնպաստի Հայաստանում`

  • տնտեսական աճի խթանմանը
  • քաղաքացիական հասարակության կայացմանը,
  • աղքատության հաղթահարմանը,
  • կոռուպցիայի դեմ պայքարին:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Կենտրոնն անկախ փորձագիտական հարթակ է, որի առաքելությունն է Հայաստանում կորպորատիվ կառավարման միջազգային առաջադեմ պրակտիկայի և սկզբունքների առաջխաղացումը:

 

ԱՐԺԵՔՆԵՐԸ
Կենտրոնի արժեքներն են արդարությունը, պատասխանատվությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

 

ԽՆԴԻՐՆԵՐԸ
Կենտրոնի խնդիրներն են`

  • մասնավոր հատվածի կորպորատիվ կառավարման արդյունավետ պրակտիկայի ձևավորման համար նախապայմանների ձևավորումը.
  • Հայաստանում կորպորատիվ կառավարման պրոֆեսիոնալ կառավարիչների ինստիտուտի ձևավորումը.
  • կորպորատիվ կառավարման հարաբերությունները կարգավորող օրենսդրության և իրավակիրառման պրակտիկայի բարեփոխումներին ակտիվ մասնակցությունը.
  • կորպորատիվ կառավարման հիմնահարցերում հանրային իրազեկության բարձրացումը.
  • հայկական և միջազգային գիտական ու կրթական հաստատությունների հետ համագործակցությունը.
  • կորպորատիվ կառավարման, կորպորատիվ պատասխանատվության և կորպորատիվ մշակույթի հետ առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացումը:

 ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Տիգրան Կարապետյանը Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Նա կորպորատիվ կառավարման, արժեթղթերի շուկայի, կորպորատիվ ֆինանասների փորձառու մասնագետ է: Տիգրան Կարապետյանը պաշտպանել է գիտական աշխատանք արժեթղթերի շուկայի վերաբերյալ և ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական կոչում: Նա ուսանել է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ուսումնական հաստատություններում, ինչպիսիք են ԱՄՆ-ի Կոնկորդիայի Համալսարանի բիզնեսի քոլեջը, Միացյալ Թագավորության Քեմբրիջի Համալսարանի Ջաջի կառավարման ինստիտուտը, և Ճապոնիայի Միջազգային ֆինանսների ճապոնական կենտրոնը: Նա երկար տարիների աշխատանքային փորձ ունի Հայաստանի արժեթղթերի շուկայի ոլորտում: Մասնավորապես, պարոն Կարապետյանը աշխատել է ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության Ֆինանսական Ոլորտի Զարգացման (USAID FSDP) ծրագրում որպես աշխատախմբի ղեկավար, հանդիսացել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահի տեղակալ և զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունում:

Աշոտ Եղիազարյանը Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նա տնտեսագետ է: Ունի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան: Դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի դոցենտ է:
Վերապատրաստումներ է անցել մի շարք հեղինակավոր հաստատությունների (Միջազգային ֆինանսների ճապոնական կենտրոն (Ճապոնիա), Ջ. Մարշալի անվան Անվտանգության և միջազգային հետազոտությունների եվրոպական կենտրոն (Գերմանիա), Համաշխարհային Բանկ (Մակեդոնիա)) կողմից կազմակերպված միջոցառումներում:
Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են կորպորատիվ կառավարմանը, տնտեսական զարգացմանն ու աճին, քաղաքական տնտեսագիտությանը վերաբերող հիմնախնդիրները:
Ունի մասնավոր, պետական և հասարակական հատվածներում աշխատելու հարուստ փորձառություն:

Արթուր Հարությունյանը Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նա հանդիսանում է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ հաշվապահական խորհրդատվական ընկերության տնօրեն: Մասնագիտությամբ տնտեսագետ է: Գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետի հաշվապահական հաշվառման, վերահսկողության և վերլուծության բաժինը:
Մինչ մասնավոր հատվածում իր գործունեության ծավալումը` նա աշխատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության վարչությունում` որպես վարչության պետ:
Նա բազմիցս մասնագիտական վերապատրաստումներ է անցել արտասահմանում:
Արթուր Հարությունյանը հանդիսացել է Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ-ներ, IFRSs) հայերեն պաշտոնական թարգմանությունը վերանայող հանձնախմբի փորձագետ, ինչպես նաև Վերանայման հանձնախմբի ենթախմբի ղեկավար:
Նա անդամակցում է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիային, հանդիսանում վերջինիս խորհրդի անդամ, ինչպես նաև նախագահում է Ասոցիացիայի Կրթության և որակավորման հանձնաժողովը: Նա որպես անդամ ներգրավված է նաև Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հանձնաժողովում և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանն առընթեր գիտամեթոդաբանական խորհրդում:
Ունի դասավանդման բազմամյա փորձ: Դասավանդում է ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ, աուդիտ, հաշվային պլանի կիրառում, ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, ֆինանսական վերլուծություն և այլն:

ՏՆՕՐԵՆ

Նարինե Մելիքյանը Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրենն է: Նա տնտեսագետ-իրավաբան է: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան, ինչպես նաև Գործարարության Սլավոնական ինստիտուտը (Մոսկվա, ՌԴ): Տնտեսագիտության թեկնածու է: Վերապատրաստումներ է անցել մի շարք հեղինակավոր հաստատությունների (Ռուսական տնտեսագիտական դպրոց, Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների կոնսորցիում, ՏՀԶԿ, ՀԲ, ՄՖԿ) կողմից կազմակերպված միջոցառումներում:
Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում կորպորատիվ կառավարմանը, կորպորատիվ պատասխանատվությանը, տնտեսական աճին, ֆինանսական շուկաներին և ներդրումներին վերաբերող հիմնախնդիրներն են:
Հանդիսանում է մի շարք հետազոտական ծրագրերի ղեկավար և փորձագետ: Հեղինակ է շուրջ ավելի քան 50 հոդվածների և համահեղինակ “ARMENIAN INVESTMENT GUIDE – 2005” ձեռնարկի և «Ներդրումները Հայաստանում. տնտեսական աճի գրավական (հիմնախնդիրներ, մոտեցումներ, լուծումներ)» գրքի:
Մասնավոր հատվածում աշխատանքը («Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ ներդրումային ընկերություն) համատեղում է գիտա-մանկավարժական գործունեության հետ: Դասավանդում է Երևանի պետական համալսարանում:

ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ