Հարգելի Այցելու,
Բարի գալուստ «Կորպորատիվ կառավարում կենտրոն» հիմնադրամի (Կենտրոնի) համացանցային կայք: Այստեղ Դուք կգտնեք կորպորատիվ կառավարման վերաբերյալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը:
Կորպորատիվ կառավարման ամենահայտնի (ամենապարզ) սահմանման էությունը հանգում է հետևյալին. կորպորատիվ կառավարումը համակարգ է, որի միջոցով կառավարվում և վերահսկվում են ընկերությունները: Արդյունավետ կորպորատիվ կառավարումը ոչ միայն զգալիորեն նպաստում է ընկերությունների կայունությանն ու ընձեռում աճի հնարավորություններ, այլև առաջին հերթին օգնում է ներգրավել ներդրումներ, դիմակայել գործարար միջավայրի ժամանակակից խնդիրներին:
Պատշաճ կորպորատիվ կառավարման նշանակությունն աշխարհում լրացուցիչ կարևորություն ստացավ ֆինանսական աշխարհի վերջին տարիների դրամատիկական իրադարձությունների ֆոնի վրա: Գտնում են, որ կորպորատիվ կառավարման խնդիրները ոչ միայն ֆինանսական ինստիտուտների, այլև ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառների թվում էին: Այդ իսկ պատճառով, կորպորատիվ կառավարման կարևորությունն ամբողջ աշխարհում դրսևորում է աճի միտումներ ինչպես կառավարությունների և կարգավորող մարմինների, այնպես էլ գործարար միջավայրի և ներդրողների շրջանում:
Ընկերությունների ռազմավարությանն ինտեգրված կորպորատիվ կառավարման արդյունավետ պրակտիկան օգնում է նրանց`
- Բարձրացնել արդյունավետությունը, մրցունակությունը, շահութաբերությունը և ձևավորել երկարաժամկետ արժեքներ.
- Ձևավորել հստակ կանոններ, պատասխանատվության և հաշվետվողականության համակարգեր.
- Կատարելագործել որոշումների կայացման գործընթացը և կայացվող որոշումների որակը.
- Սահմանել և իրագործել կորպորատիվ ռազմավարությունը.
- Ընդլայնվել կայուն հիմքի վրա.
- Բացահայտել և կառավարել ռիսկերը.
- Կատարելագործել ներքին հսկողության բովանդակությունն ու կառուցվածքը.
- Ձևավորել կորպորատիվ ռազմավարությանը համապատասխանող խթաններ.
- Ներգրավել ներդրումներ և բիզնես գործընկերներ.
- Ձևավորել հեղինակություն և համբավ շահառուների հետ հարաբերություններն ամրապնդելու միջոցով.
- Պատրաստվել բիզնեսի փոխանցմանն ապագա սերունդներին:
Կարևորելով կորպորատիվ կառավարման դերակատարումը Հայաստանի կայուն զարգացման համար` Կենտրոնը 2012 թվականից սերտորեն համագործակցում է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (ՄՖԿ)-ի հետ http://www1.ifc.org/wps/wcm/connect/Topics_Ext_Content/IFC_External_Corporate_Site/Corporate+Governance/Advisory_Services_Regional_Programs/ECA: Այս համագործակցության շրջանակներում Կենտրոնը հայկական շուկայի մասնակիցներին առաջարկում է ծառայությունների բավական լայն շրջանակ. կորպորատիվ կառավարման համակարգի գնահատումից (վերլուծությունից) մինչև համակարգի բարելավմանն ուղղված գործարար խորհրդատվության մատուցում, ուսուցումների, սեմինարների անցկացում և այլ հարակից ծառայություններ: